Ֆոկուսի մանիֆեստը

Ֆոկուսը 2016–ին Երևանում հիմնված արվեստի հասարակական կազմակերպություն է: Այն 2003–ից գործող Ուտոպիանա.ամ մշակութային–ստեղծագործական ՀԿ–ի փոխակերպումների արդյունքում առաջացած կառուցվածք է, որտեղ ընկերությունը հանդիսանում է նաև արտադրական հարաբերություն:

Ֆոկուսի գործունեության հիմքում ընկած է հետևյալ հարցը. ի՞նչպես ներկա լինել արվեստի դաշտում, երբ զուրկ ես տիրապետող հասարակական-քաղաքական գործընթացներին գործուն անհամաձայնություն դրսևորելու հնարավորությունից:

Ֆոկուսը համարում է, որ այժմ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը բարեփոխելու հնարավորությունները կեղծված և պատրանքային են, իսկ սեփական օրակարգ ձևավորելն ու առաջ մղելը՝ գրեթե անհնար: Նմանօրինակ ճգնաժամային իրավիճակում արվեստի և մշակույթի կողմնորոշմամբ հասարակական գործունեությունը ևս ակամա նպաստում է իրավիճակի կայունությանը և անխախտ ընթացքին:

Հասարակական կազմակերպության շրջանակում արվեստը և մշակույթը դատապարտված է հաշվի նստել իրադրության, հանգամանքների և առաջադրված պայմանների հետ. հասարակական կազմակերպության գոյությունն ինքնին հնարավոր է իբրև վերադրված օրակարգի իրականացման կողմնակի արդյունք:

Ֆոկուսը վերը բերված խնդրի լուծման սկիզբը տեսնում է գոյության այլ եղանակների փնտրտուքի և գործունեության ձևաչափի խնդրականացման մեջ:

Ֆոկուսը կիրառում է ժամանակակից արվեստի պրակտիկաները հասարակական-քաղաքական փոխակերպումները հարցադրելու համար` դրանով իսկ նշմարելով ժամանակից արվեստի նոր տիրույթներ:

Ֆոկուսը հռչակում է

  • (ինքնա)կրթությունը որպես առաջնային ռազմավարություն,
  • փաստագրումը և արխիվացումը որպես ընդհատված և ընթացքի մեջ հասարակական-քաղաքական պրոցեսներն ըմբռնելու հնարավորություն,
  • ինքնաբավությունը սեփական օրակարգ ձևավորելու նախապայման:
Connect and share:
Posted in Uncategorized