«Գողացել են մեր ցերեկը, մենք գիշերն ենք մեզ գտնում»

Դ․ Կարծեմ բարևելու տեսարանում է, որ ժողովրդի և Րաֆֆու արանքում այլ առարկաներ չկան, կադրի առաջին պլանում էլ այլևս տեսախցիկներ չեն երևում, և կրկնակ հեռավորությունը, որ կար, կրճատվում է:

4

Վ․ Ու հետո էլի հետ եմ գնում: Առաջինը «ես գնում էի Ազատության հրապարակ»-ն է, երկրորդը՝ «հետս վերցնում էի տեսախցիկը», այսինքն՝ սկզբից գաղափարի համար, հետո՝ նկարելու: Հիմա արդեն մեկուկես տարի ոչ մի տեղ չեմ գնում, որովհետև ինձ չեմ ընկալում առանց նկարելու, իսկ նկարելն էլ մի քիչ դժվար է: Երբ գնում ես, ուզում ես հասկանալ՝ քո դերը որն է լինելու այնտեղ:  

Դ․– Լավ, ես շարունակեմ մեդիայի թեման։ Մի անգամ ասացիր, որ թե՛ հնչող երաժշտությունը, և թե՛ ռադիոհաղորդումները, որ ֆիլմում կան, հենց տեղում՝ հրապարակում հնչած և պատկերի հետ զուգահեռ ձայնագրված երգերն ու հաղորդումներն են։ Այսինքն՝ Րաֆֆու շտաբն Ազատության հրապարակում միացնում է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը, որպեսզի «Ազատություն»-ից իմանա, թե իրենց հետ ինչ է կատարվում։ Գործողություն անողն ինքն իր մասին իմանում է ռադիոկայանից՝ հենց գործողության տեղում միացնելով այն։ Ուստի՝ մեդիայի դերը ոչ միայն դու ես շեշտել․ 2008-ի շարժման համեմատ, պատմականորե՛ն եթե հարցին նայենք, մեդիայի դերը սարսափելիորեն աճել է քաղաքականության կամ ապաքաղաքականացման մեջ (նայած՝ ով ինչ դիրքից է հարցին նայում)։ Գործորդը կարիք ունի լրատվամիջոցի մեկնաբանության, որպեսզի հասկանա՝ ինքն ինչ է անում, ով է ինքը կամ ինչ է կատարվում:

Բայց մի տեղ ֆիլմում, կարծեմ՝ մի անգամ ընդամենը, դու պատկերի և ձայնի սինխրոնությունը խախտում ես և աղոթելու տեսարանին, երբ Վովա Գասպարյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայր մեր» են ասում, զուգորդում ես այլ ձայն․ մարդիկ գոռում են՝ «հի՛մա, հի՛մա»։ Այսինքն՝ առավոտվա միտինգից վերցրած ձայնը բերում-դնում ես իրիկվա տեսարանի մեջ՝ որպես արտապատկերային ձայն։ Առաջին անգամ է ֆիլմում, որ որպես ռեժիսոր նման կերպ միջամտում ես, որպեսզի շեշտադրում անես: Քանի որ դա ընդամենը մի անգամ է ֆիլմում պատահում, հարց է առաջանում՝ արդյո՞ք չես կարողացել քեզ զսպել և ընդհանուր տրամաբանությունից դուրս եկող հնար ես գործադրել, որ քո դիրքը կամ հայացքը այդչափ ուղիղ արտահայտես:

Վ․– Աղոթքի պահին՝ «հիմա» են գոռում․․․ Երևի, այնուամենայնիվ, չեմ զսպել ինձ։ Բայց Ծիծեռնակաբերդի աղոթքի պահին էլ էին Բաղրամյանում մարդիկ «հիմա» գոռում, այլ ոչ միայն առավոտյան միտինգին․ ես էդ ժամանակ Բաղրամյանում եմ եղել։ Շատ ջղային վիճակ էր՝ ես ինչու՞ եմ ստեղ, ու ինչ-որ այլ տեղ գործողություն է կատարվում․ երևի՝ ստեղ պիտի կատարվեր գործողություն: Իրոք, երևի այդ դրվագում արդեն տեսախցիկի գործին ես եմ միջամտել․ մոնտաժային մի փոքր հնարք ես անում, որպեսզի ցույց տաս, որ Ծիծեռնակաբերդում իրենց հետ աղոթող ժողովուրդը ինչ-որ բան լավ չի հասկանում…

Կարող է՝ քո մեջ էլ է մատերիալներն իրար խառնվում մոնտաժելուց: Որովհետև ունես իրական ու տարբեր տեղեր միաժամանակ կատարված երկու գործողություն։ Ֆիլմում, քո մոտ, ոնց որ մոնտաժելու պահին կատարվի ամեն ինչ։ Ի՞նչ էր կոչվում՝ զուգահեռ մոնտաժ են ասում, թե խաչաձև:

Դ․– Եթե վերջում գործողությունները գալիս-հատվում են՝ խաչաձև, եթե ոչ՝ զուգահեռ։

Վ․– Ավելի շուտ՝ ինձ մոտ տպավորություն է, որ այդ վիճակի իմ ընկալումն է տրված:

Դ․– Այսինքն՝ քո ներսում կատարվող գործողության արդյունքն է այդ էպիզոդը․ ուրիշ վայրում տեղի ունեցող աղոթքի ձայնը իջեցնում ես, և մեկ այլ վայրում հնչած «հիմա»-ն, որ գուցե Ծիծեռնակաբերդում պակասում էր, բերում-դնում ես դրա վրա: Քո ներսում մի բան է կատարվում, որ երևում է ֆիլմի մեջ, բայց չի եղել իրականում…

Վ․– Հա, բայց չի եղել… Որ Բաղրամյանում կանգնած ես, պարզ է՝ չի հասկացվում, թե Ծիծեռնակաբերդում ինչ է կատարվում: Հետո ես միայն տեսել, թե ինչ է կատարվել իրականում։ Այդ պահին միայն գիտես, որ Բաղրամյանում չի այդ մարդը:

Լիլիթ – Բաղրամյանում այդ խոսակցություններն են՝ Րաֆֆին ուր ա, զանգել ինչ-որ բաներ է ասում: Ու հետո ֆիլմում տեսնում ենք, թե Րաֆֆին ուր է։ Րաֆֆին էլ Ծիծեռնակաբերդում աղոթում է այնտեղ հավաքված ժողովրդի համար, ու ինձ մոտ տպավորություն էր, որ Բաղրամյանի ձայները գալիս են Րաֆֆու աղոթքին հակադրվելու՝ ցույց տալու, որ մարդիկ Բաղրամյանում գործողության են սպասում։

5

Վ․– Հիմա, որ խոսում եք, ես էլ եմ ինչ-որ բաներ հայտնաբերում։ Մոնտաժը 2016-ի մարտին եմ ավարտել ու շատ բաներ չեմ հիշում արդեն։ Համ էլ «հիմա» բառը սիրուն էր հնչում նախորդ կադրերից հետո, որտեղ ոստիկանների սաղավարտներն են և ցուցարարները բռունցքներն են թափահարում։ Ավելի շատ մտածում էի՝ գույները սիրուն լինեն, պոետիկ ստացվի։ Ես սիրում եմ այսօր ոչ մեկի պետք չեկող դոկումենտալ կինո, օրինակ՝ Յորիս Իվենս, Բերտ Հանստրա։ Հիմա, որ, ասենք, այդ ֆիլմերը գնային ինչ-որ փառատոն, չէին էլ անցնի մրցույթ։ Ավելի շատ այդ ոճով էի ուզում աշխատել։ Հիմա քչերը դուրս կգան փողոց պարզապես անձրև նկարելու։ Տարիներով մի բան մտածել, փող ճարելու համար ֆոնդերին կիլոմետրով նամակներ գրել, կոմպրոմիսների գնալ, հետո՝ անկախ ֆիլմի լավ կամ վատը լինելուց փորձել ինչ-որ ծանոթներ գտնել փառատոններում (որովհետև առանց ծանոթի համարյա անհնար է, որ ֆիլմդ ուշադրության արժանանա), այս պրոցեսը չեմ կարողանում ընդունել:

Connect and share: