ACTV-ն Ֆոկուսի առցանց վիդեո նախագիծն է, որը դարձել է այլընտրանքային հարթակ մեդիայի զարգացման համար: ACTV առցանց հարթակը գործածում է արվեստը որպես ուսումնասիրելու և վերլուծելու միջոց։
Այսօր ականատեսն ու մասնակիցն ենք հայաստանյան հասարակական մտքի զարգացման նոր փուլի։ Դրա օրակարգի կենտրոնական հարցերից մեկը «հանրային ոլորտ» հասկացության վերաիմաստավորումն է, ինչպես տեսական ու վիրտուալ, այնպես էլ ֆիզիկական ձևաչափերում, նոր տիպի հանրային տարածքի կարևորության գիտակցումը։ Այս մտավորական աշխատանքը կարող է ունենալ վճռորոշ ազդեցություն ժամանակակից հասարակական գործընթացների ծավալման վրա։
Դրանցում կարևորագույն դեր ունի մեդիան։ Այն ոչ միայն մեկնաբանում է սոցիալական իրականությունը, այլև հենց ինքն է դառնում հանրային յուրօրինակ տարածք Հայաստանում: Որպես գործիք ձևավորելով ինքն իրեն՝ մեդիան խառնվում է սոցիալական իրականության հետ, ազդում դրա վրա ու կրկին անջատվում դրանից…
Այս գործընթացին մասնակցելու և նպաստելու նպատակով՝ ACTV–ն ստեղծել է չորս հիմնական հարթակ՝
Հետազոտելով հանրային տարածքը. Լինելով երկարատև հետազոտական գործընթաց, այս հարթակը նպատակ ունի ուսումնասիրելու, ճանաչելու, գույքագրելու և վերլուծելու ծանոթ ու անծանոթ, գիտակցված և/կամ անտեսված հանրային տարածքները: Շեշտը հատկապես դրվում է բողոքի ցույցերի և դրանցում մարդկանց զանազան դրսևորումների փաստագրման վրա:
Սոցիալական. Այս բաժինն ունի երկու ենթաբաժին՝ «Հակագովազդ» (գովազդի պարոդիաներ, որոնք փորձում են խնդրականացնել լայն հասարակության մեջ գործող որոշ կարծրատիպեր) և «Հոլովակ» (զանազան սոցիալական խնդիրներին վերաբերող կարճ տեսանյութեր):
Մարդ. Ի՞նչպիսի մարդիկ են մասնակցում քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպե՞ս է անդրադառնում մասնակցությունը նրանց մտածողության փոփոխության և անձնական կյանքի վրա, ինչու՞ են նրանք շարունակում ակտիվ մնալ հանրային կյանքում: Ֆիլմաշարում նաև շոշափվում է անհատի, փոքր խմբերի և ավելի մեծ հանրույթների փոխներգործության նրբություններն ու դետալները:
Խոսք. Տաղավարային վերլուծական զրույցների շարք՝ մշակութաբանների, արվեստաբանների, արվեստագետների, սոցիոլոգների և այլ մասնագետների հետ, ովքեր ձգտում են բարձրացնել հասարակական տարբեր ոլորտների խնդիրների նկատմամբ հանրության ընդհանուր գիտակցությունը։
Այցելել ACTV-ի կայքը
2012–ից 2016–ը նախագիծն իրականացվել է Ուտոպիանա.ամ ՀԿ–ի շրջանակում:
Համագործակցության համար խնդրում ենք կապվել նախագծի համակարգողի հետ: