«Գողացել են մեր ցերեկը, մենք գիշերն ենք մեզ գտնում»

Լ․– Մի դրվագ էլ հիշենք ֆիլմից․ երբ Ազատության հրապարակում ֆուտբոլ էին նայում ու մեկնաբանն ասում է, թե լավ կլիներ․․․

Վ․– «Լավ կլիներ, իհարկե, մեր տեղում մնայինք, չնայած՝ պարտությունն անխուսափելի է»։ Ֆուտբոլը նկարելու ժամանակ արդեն ինձ համար պարզ էր, որ դա մետաֆոր է դառնալու։ Ես չգիտեի՝ Հայաստան-Չեխիա խաղը ոնց է ավարտվելու։ Չեխիային չէի երկրպագում, բայց հասկանում էի, որ Հայաստանի պարտության դեպքում ֆուտբորը որպես մետաֆոր է աշխատելու, հատկապես՝ խոշոր հաշվով պարտության դեպքում։ Այդպես էլ եղավ։

6

Լ․– Հետաքրքիր է։ Ասացիք, որ նկարել եք ֆիլմ անելու համար՝ առանց իմանալու վերջը,  բայց ինձ մոտ տպավորություն էր, որ նկարել եք՝ մտքում ունենալով նման ավարտը։ Ֆիլմն անելիս, ամեն դեպքում, ուզել եք ոչ թե ցույց տալ ընթացքը, այլ՝ ավարտը։ Ու ամբողջ ֆիլմում, կարծես, կարմիր գծի նման գնում է կանխատեսում, թե ոնց է ավարտվելու։

Վ․– Դե՝ մոնտաժի ժամանակ արդեն գիտես՝ ոնց է ավարտվել, այդ պատճառով էլ այդ գիծը նկատվում է, բայց կոնկրետ ֆուտբոլի դրվագը նկարելիս պարզ էր՝ ոնց պիտի մոնտաժվի, պարզ էր, որ դա մետաֆոր է դառնում։ Ֆուտբոլի դրվագի ժամանակ մոնտաժային մի կտոր էլ կա, երբ Րաֆֆին տարածքից դուրս է գալիս, մի քիչ քայլում։ Ըստ ֆիլմի լոգիկայի՝ պետք է տարածքից դուրս չգա, բայց մի անգամ դուրս է գալիս, քայլում, հետո մարդիկ են գոռալով ընդառաջ գալիս և թվում է՝ եկել են միտինգին միանալու, բայց պարզվում է՝ ֆուտբոլասերներ են։

Լ․– Ու մի երթի դրվագ էլ կար, որ ցուցարարները փողոց էին դուրս եկել, իսկ ուղևորները տրանսպորտի պատուհաններից նայում էին նրանց։ Կրկին փոխաբերություն է նկատվում․ պատուհաններից նայողները իրադարձությանը մեդիայով հետևողներ կարծես լինեն՝ էկրանից այն կողմ մնացած մարդիկ։ Ու իրենք այդպես էլ մնացին պատուհանից այն կողմ և միշտ մեդիային հետևելով են իմանում՝ ինչ է տեղի ունենում․ իրենց համար, մեծ հաշվով, տարբերություն չկար՝ հիմա պատուհանից նայեցին, թե, օրինակ, կգնան ու ինչ-որ տեսանյութ կնայեն։

7

Վ․– Դե հիմա ես էլ եմ այդպիսի մարդ դարձել, ես էլ եմ live-ով հետևում արդեն վերջին մի տարին, ոչ մի տեղ չեմ գնում․ չգիտեմ՝ գուցե վատ է և մարդ իր մասին չպիտի նման բան ասի։ Այն ժամանակ քաղաքականացված էի, հիմա՝ ավելի շատ ապաքաղաքականացված․ ֆեյսբուքով կարդում եմ ինչ-որ 15-20՝ իմ կարծիքով կոմպետենտ մարդկանց կարծիքը իրադարձության մասին, արդեն live-ն էլ չեմ նայում նույնիսկ, կարդում եմ մեկնաբանությունը։ Նույնը կինոյում՝ ինչ-որ մի պահ եկավ, որ կինոներ շատ քիչ էի նայում․ փոխարենը կարդում էի իմ կողմից հարգված կինոկրիտիկների (հատկապես՝ ռուս) կարծիքը դրանց մասին։ Էլ կինոն հետաքրքիր չէր, հետաքրքիր էր՝ տվյալ կինոյում ինչ միտումներ են նկատվում։ Այժմ տպավորություն ունեմ, որ կինոկրիտիկներ կան, որոնք նկարողներից խելոք են։ Իսկ եթե գրողները նկարողներից խելոք են լինում, այդ կինոն, չգիտես ինչու, զարգանում է, կամ էլ հենց գրողներից մի քանիսն են սկսում կինո նկարել։    

Չգիտեմ, վերջերս ես էլ դարձել եմ այդ ավտոբուսի միջի մարդկանցից մեկը։ Ու դրա համար ուրախ եմ, որ այս ֆիլմն այն ժամանակ եմ նկարել, որովհետև հիմա էլ չէի անի․․․ Հետո մտածում էի՝ կարող է պետք էր վերնագիրը դնել «Վերջին նախագահական ընտրությունները Հայաստանում», որովհետև վերջինի մասին է․․․

8 copy

Դ․ – Ես մի հարց էլ ունեմ․ ֆիլմում թե՛ վիզուալ առումով, թե՛ վերբալ՝ շեղումներ կան թեմայից, ընդհանուր նյութի բնույթից։ Մասնավորապես՝ ինչ-որ մեկը խոսում է Միացյալ ազգերի կազմակերպությունից, որ ինքն այնտեղ ծանոթներ ունի և այլն։ Ակնհայտ է, որ ոչ ադեքվատ մեկն է․ ասում է՝ ես կօգնեմ, եկեք գնանք, ինչ-որ պահանջ ներկայացնենք կամ նման մի բան․․․ Շատ զավեշտալի է և, խոշոր հաշվով, ֆիլմի ընդհանուր թեմայից բավականին լուրջ շեղում է։ Երկրորդ դեպքը՝ նորից վերբալ․ Սասուն պապիի ծնունդի մասին խոսակցությունն է, որն էլի կապ չունի թեմայի հետ․․․

Պատկերային  շեղումները․ երբ, ձայնից դատելով, Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի մասին է խոսում, դու նկարում ես արևի լույսի արտացոլանքն Օպերայի շենքի ապակու մեջ, և կտորներ կան, որտեղ համարյա ոչինչ չի երևում՝ լույսն ամբողջությամբ ողողում է պատկերը․ ֆիլմի ընդհանուր թեմատիկ կառուցվածքից կարծես փախուստ լինի դա, ինչ-որ բան ես ուզում ցույց տալ, որ ֆիլմի թեման քեզ թույլ չի տալիս։ Մյուս օրինակը՝ թեպետ փորձում ես տարածքից դուրս չգալ, բայց փոխարենը խցիկն ուղղում ես վերև՝ թռչուններ են երկնքում ճախրում։

Վ․ – Ու դա միակ տեղն է, որտեղ ընդհանրապես ձայնաշար չկա։

Դ․ –  Այո։ Շարունակեմ․ Րաֆֆին կամ մեկ ուրիշն ասում է՝ «հաղթանակ կամ ոչինչ», այդ ընթացքում դու խոշոր պլանով ցույց ես տալիս ձեռք՝ սիգարետ բռնած։ Ֆոնն անորոշ է՝ ֆոկուսից դուրս։ Մեկ այլ դրվագում Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվող ելույթի ժամանակ թռչող ինքնաթիռներ ես նկարում․ նորից դուրս է թեմայի տրամադրող վիզուալ նյութից։ Հետո ջութակի հնչյունների ներքո (եթե չեմ սխալվում, Պուչինիի արիաներից մեկն է հնչում) ցույց ես տալիս օպերայի շենքն իր նախշերով՝ բավականին շեշտված․ կադրի ֆակտուրան նորից դուրս է գալիս ֆիլմի տրամաբանությունից։

9

Վ․ – Երբ խոսում է Սերժը, խցիկը երկար հետևում է ինքնաթիռին, բայց վերջում քիչ ներքև է իջնում և երևում է Օպերայի շենքի գլուխը։ Այսինքն՝ ինչ-որ կերպ տարածքի հետ կապել եմ: Ինքնթիռը նկարելուց էլ մտածում էի, որ անպայման պետք է իջնեմ և Օպերայի գլուխը ցույց տամ, որ հետո գոնե կարողանամ կապել այլ կադրերի հետ։

Դ․ – Բայց, այնուամենայնիվ, իր աուրայով չի կապվում մնացած նյութին, կապույտ երկինքն ամեն տեղ էլ գրեթե նույնն է։

Վ․ – Եթե տարածքում կանգնած ես, խցիկով ես ու որոշել ես, որ ամեն ինչ պիտի նկարես մինչև վերջ, չգիտես՝ վերջն ինչ է, բայց պիտի նկարես, նայում ես աջ, ձախ, վերև, ներքև․ այդ ողջ տարածքը քեզ համար նյութ է, ու երբ ինքնաթիռներ են գալիս, դու նկարում ես՝ չհասկանալով, թե ինչ կարող է բերել իր հետ, բայց, այդուամենայնիվ, կապում ես տարածության հետ՝ Օպերայի շենքի հետ – ես այդ պահին այդտեղ եմ եղել։ Իսկ ինչ վերաբերում է այդ տարօրինակ մարդուն, որն ասում է՝ եկեք գնանք ООН, կամ այն կտորին, որ Սասուն պապին գալիս է, տարբեր մարդկանց անուններ թվարկում, եթե ես ավելի շատ նյութ նկարած լինեի, նման բաներն ավելի շատ կլինեին ֆիլմում, որովհետև զվարճալի է թվում… Չեմ կարող բացատրել, բայց ինչ-որ կարևոր բան կա դրա մեջ։

Դ․ – Կարո՞ղ ենք ենթադրել, որ ֆիլմի լայթմոտիվը քեզ այնքան է հոգնեցնում, որ ինչ-որ դրվագներում փախչում ես։

Վ․ – Այսպիսի մի բան կա․ այդ պահին ով էլ գա, ինչ էլ առաջարկի, այդ հրապարակում հնարավոր է, օրինակ՝ հենց հիմա սարերում ֆիզիկայի լաբորատորիա ենք սարքում․ պղտոր ջրում ձուկ բռնելու գաղափարը կա, այդ հրապարակը նաև դա է դարձել։

Connect and share: