Վարդան Դանիելյանի «2013-ին, երբ գնում էի Ազատության հրապարակ» ֆիլմի շուրջ զրույցը տեղի է ունեցել «Ֆոկուս» արվեստի կազմակերպության ACTV նախագծի դասընթացի շրջանակում։ Մասնակիցներ՝ Վարդան Դանիելյան, Գայանե Լալայան, Դավիթ Ստեփանյան, Թեհմինե Հարությունյան, Լիլիթ Հակոբյան, Մարգարիտա Ղազարյան։ Խմբագրական աշխատանքներին նպաստել են Արփի Բալյանը և Արեն Մելիքյանը։
Գայանե – Ո՞վ կամ ի՞նչն է ֆիլմի գլխավոր կերպարը:
Վարդան – Խոշոր առումով երևի Րաֆֆին է, բայց ավելի շատ՝ ժողովուրդը, իսկ մասնավոր առումով՝ ես՝ ֆիլմի հեղինակը։ Սկզբում նույնիսկ վերնագիրը դրել էի՝ «2013-ին, երբ գնում էի Ազատության հրապարակ, հետս վերցնում էի տեսախցիկը»:
Գ․ – Գուցե տեսախցի՞կն է:
Վ․ – Դե․․․ հա, որովհետև ես ինձ չեմ վստահում, տեսախցիկին եմ վստահում. ավելի ճիշտ է ցույց տալիս:
Գ․ – Ժողովրդի կադրերը ֆիլմի սկզբում և վերջում ֆոկուսից դուրս են: Միտումնավո՞ր է:
Վ․ – Տեխնիկական խնդիր է: Ֆիլմը մի օբյեկտիվով է նկարահանված՝ 80 միլիմետրանոց խորհրդային օբյեկտիվ, որը միտինգներ նկարելիս հաճախ չի կիրառվում: Սրա ֆոկուսային խորությունը նեղ է, ինչից էլ ոճ է ստացվել: Ֆինանսական միջոցների սղությունն էր պատճառը: Եթե ուրիշն ունենայի, դրանով կնկարեի: Տեխնիկապես դժվար էր նաև միայնակ նկարելը: Երկու օր օպերատորի հետ գնացի, հետո հասկացա, որ սա մենակ նկարելու բան է, պարզապես կինո չի: Դու գնում ես միտինգի, համ էլ նկարում ես: Եթե հիասթափվում էլ ես, զգում ես, որ պիտի գոնե մինչև վերջ նկարես: Պարտքի զգացում կար ինչ-որ մի շարժման մասին ֆիլմ նկարել դիտարկման ժանրում, որը սկսվում է մի տեղից, և չգիտես՝ ոնց է վերջանալու: Որպես վավերագրող լավ զգաս, որ երկրի համար ինչ-որ մի կարևոր բան նկարել ես:
Գ․– Օրական ինչքա՞ն էիք նկարում:
Վ․– Գնում էի ու տարածքում շրջում, տարածքից դուրս չէի գալիս․ կարծես՝ տարածքն էլ պիտի սահմանափակվի: Բայց այնպես ստացվեց, որ մի անգամ դուրս եկա վերջում: Տարբեր օրեր տարբեր ժամերի էի գնում, շեշտն ավելի շատ դնում էի ստեղծագործականի, քան իրադարձայինի վրա:
Գ․– Ֆիլմի ամբողջ ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցույց տալը ի՞նչ նպատակ ուներ:
Վ․– Օր էր լինում, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ավելի շատ էին լինում, քան այլ մարդիկ: Վերջին տարիներին լրատվամիջոցները դարձել են անփոխարինելի մի բան: Նկարելիս չէի մտածում՝ ինչու եմ իրենց նկարում, քանի որ արդեն սովորական էր դարձել, որ կարող է 30-40 տեսախցիկ լինել: Ու իրենք էլ են այդ գործողությունը սարքում: Իրենց միջոցով էր լինում այդ կապը, իրենց միջոցով էր խոսքը փոխանցվում:
Դավիթ – Դու ոչ միայն նկարահանում ես լրատվամիջոցների աշխատանքը, այլև շեշտում դրանց ներկայությունն ամբողջ ֆիլմում: Հենց ֆիլմը սկսվում է, ձայնագրիչ ես ցուցադրում՝ խոշոր պլանով: Բացի այդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ցուցադրելիս հաճախ առաջին պլանում լրատվամիջոցներն են՝ եռոտանու մի մաս, տեսախցիկի դետալներ: Զգացողություն է առաջանում, որ նա խոսում է մեդիայի համար, ոչ թե մարդկանց: Երբ ես նկարածդ նայում եմ, ուղիղ իրեն չեմ տեսնում․ հայացքս սահմանափակում է ինչ-որ տեսախցիկ, մի եռոտանի ևն: Միտումնավո՞ր ես այդպես նկարել, թե՞ պարզապես ստացվել է:
Վ․– Դա ավելի խելոք տարբերակ է, քան իմը: Շատ բան մտածված չի արվել: Դա զուտ տեխնիկական հարց է․ քանի որ 80 մմ օբյելտիվ է, առաջին պլանը ցանկացած պարագայում առանց ֆոկուսի է նկարվում: Բացի այդ՝ ինձ դուր է գալիս նկարելու նման ոճը․ մի քիչ 16 մմ ժապավեն է հիշեցնում։ Ինչ վերաբերում է մեդիային, ապա միշտ տպավորություն ունեի, որ այն կարևոր դեր է խաղում։ Ուզում էի այդ մարդկանց էլ նկարել, մտածում էի, որ նրանց էլ ոչ մեկը չի նկարի: Չգիտեմ՝ նրանց արածը լավ է, թե՝ վատ: Ես չեմ մտածել, այդքան չեմ խորացել:
Դ․– Այսինքն՝ որսացել ես, բայց հատուկ չես մտածել դրա մասին։
Վ․– Ինձ ավելի հետաքրքիր թվաց, որ առաջին պլանն առանց ֆոկուսի լինի․ սկզբում խցիկը հեռվից է գալիս, հետո ավելի է մոտենում Րաֆֆուն, վերջում արդեն շատ մոտ է՝ արանքում էլ բան չկա: